կարծիք: Սաֆարովյան աղետը. ներման քաղաքականություն
Լորքի Լիպարիտյան եվ Էդգար Մարտիրոսյան
Վերջերս ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու դրան հաջորդած ներումը զանգվածային աղմուկ բարձրացրեցին աշխարհով մեկ հայ ժողովրդի մեջ, և «Էկոնոմիստի» «Սայթաքում Բուդապեշտում» վերնագրված հոդվածով Բուդապեշտը հայտնվեց ուշադրության կիզակետում: Փաստերը պարզ են. 2004 թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի մաս կազմող անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու ժամանակ Սաֆարովը կացնի տասնվեց հարվածով սպանել էր քնած վիճակում գտնվող լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին՝ գրեթե գլխատելով նրան:
Սաֆարովն ուրախությամբ ստանձնել էր իր արածի պատասխանատվությունը, և 2006 թ. ապրիլին դատապարտվել էր ցմահ բանտարկության մինչև 2036 թվականը՝ առանց վաղաժամկետ ներման հնարավորության: Ադրբեջանը, 2004 թվականի աշնանը դեսպանություն բացելով Բուդապեշտում, անմիջապես ձեռնամուխ էր եղել Սաֆարովի ազատումն ապահովելու գործին: Ութ տարվա դիվանագիտական անընդմեջ ջանքերից հետո Ադրբեջանը Բուդապեշտին վերջապես համոզեց Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման ենթարկելու՝ փոխարենը երաշխիքներ տալով, որ, մինչև ներման արժանանալը, Սաֆարովն իր ցմահ բանտարկության դատավճռի առնվազն քսանհինգ տարին կանցկացնի բանտում: Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովին ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա հերոսին վայել դիմավորման արժանացավ, ստացավ մայորի աստիճան և կառավարության կողմից պարգևատրվեց բնակարանով:
Թե՛ Հայաստանի պետությունը և թե՛ ողջ աշխարհի հայկական սփյուռքն անմիջապես սաստիկ վրդովմունքով արձագանքեցին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց Հունգարիայի հետ բոլոր հարաբերությունները, բարձրացրեց ռազմական զգոնության մակարդակը և հայտնեց Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգության արժանի հակահարված տալու Հայաստանի պատրաստակամությունը: Աշխարհով մեկ հայերը Հունգարիայի ու Ադրբեջանի դեսպանությունների ու հյուպատոսությունների առջև Սաֆարովի արտահանձնման ու ներման դեմ իրենց բողոքը հայտնեցին: Բարձրացված աղաղակը նույնիսկ Հունգարիայի քաղաքացիների բողոքը հարուցեց իրենց իսկ կառավարության նկատմամբ, որոնք Սաֆարովի արտահանձնման համար Հայաստանից ու հայերից հրապարակավ ներողություն խնդրեցին: Պաշտոնական Բուդապեշտն իր հերթին ստիպված եղավ ավելի ներում հայցող դիրք որդեգրելու՝ Ադրբեջանի դեսպանին հրավիրելով բացատրություն տալու Սաֆարովի ներման կապակցությամբ:
Այս հոդվածը վերաբերում է Սաֆարովի արտահանձնման քաղաքական համատեքստին և դրան հետևած Ալիևի կողմից ներման նկատմամբ հայ ժողովրդի արձագանքին:
Սաֆարովի արտահանձնումը նախևառաջ Երևանի թույլ դիվանագիտության հստակ ցուցանիշն է: Համաձայն լրատվական հաղորդումների, Հունգարիայի Հայ ազգային ինքնավարություն կազմակերպությունը փաստորեն Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է Հունգարիայում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին՝ բազմիցս խնդրելով, որ Հայաստանը Հունգարիայում դեսպանություն հիմնի: 2012 թ. օգոստոսի 20-ին կազմակերպությունը Հայաստանի կառավարությանը հաղորդել է Սաֆարովի վերահաս արտահանձնման լուրը: Ցավոք, շատ բան (կամ առնվազն արդյունավետ ոչինչ) կարծես թե չի կատարվել այդ ընթացքում: Սաֆարովի մոտալուտ հանձնման լուրը հաղորդվեց հազիվ 2012 թ. օգոստոսի 25-ին (և միայն հատուկենտ աղբյուրներ էին գրում նրա վերահաս արտահանձնման մասին): 2012 թ. օգոստոսի 31-ին արդեն շատ ուշ էր: Սաֆարովը Բաքու էր հասել և Ադրբեջանի կողմից ընդունվել իբրև հերոս՝ ոտքից գլուխ ողողվելով ծաղիկներով: Այդ օրը աշխարհի հայությունն արթնացավ լրատվական անակնկալ խորագրերից, որոնք առաջին հայացքից չափազանց անիրական էին՝ հավաստի լինելու համար. սառնասիրտ կացնահարողը, որը գրեթե գլխատել էր քնած մարդուն, ազատ էր արձակվել:
Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: Հունգարիայից հասած նախազգուշացումներն անտեսվե՞լ էին, թե՞ լուրջ չէին ընդունվել: Թե՞ Սարգսյանի վարչակազմն իրեն անզոր էր զգացել (կամ անզոր էր գտնվել) որևէ բան անելու համար: Ինչո՞ւ պաշտոնական Երևանը հանրությանն ու իր սփյուռքին նախօրոք չէր տեղեկացրել. մի քայլ, որը թերևս կարողանար հանրային մեծ աղմուկ և միջազգային ճնշում առաջ բերել՝ ճիշտ ժամանակին, որպեսզի կանխվեր Սաֆարովի արտահանձնումը: Թերևս Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ՞ր Սաֆարովի մոտալուտ արտահանձնմանը: Բացատրությունն ինչ էլ որ լինի, Սաֆարովի արտահանձնումը պաշտոնական Երևանի խայտառակ ձախողումն է: Այն բանի հավանականությունը, թե կառավարությունը բավարար տեղեկացված չի եղել Սաֆարովի մոտալուտ արտահանձնման մասին, չնչին է: Արտահանձնման իրականացումը կասեցնելուն ուղղված իմաստալից քայլեր կատարելու անունակությունը մատնում է Հայաստանի ամենահիմնական հետախուզական համակարգների փլուզումը և խոսում Արտաքին գործերի նախարարության թերացումների աճի մասին: Անկեղծ ասած՝ ինչ-որ մեկը ղեկին քնած է եղել, և այդ մեկը վստահորեն Իլհամ Ալիևը չի եղել, ոչ էլ Էլմար Մամմեդյարովը:
Այդուհանդերձ, Սաֆարովի ներումը հայ ժողովրդի համար բացառիկ հնարավորություն է հեռանալու տարածաշրջանային տարաձայնությունն անհատականացնելու իր միտումից և փոխարենը քաղաքականապես համապատասխան գործոններ ու մարմինների ներգրավելու: Թե՛ Հայաստանը և թե՛ Սփյուռքը նախևառաջ պետք է ջանան տարբերակել Հունգարիան ու Ադրբեջանը: Աշխարհի առնվազն 20 քաղաքում, որոնց թվում Օսլոյում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Կալկաթայում, Վիլնյուսում, Պրագայում, Նիկոսիայում, Մոսկվայում ու Լոս Անջելեսում, բողոքի ցույցեր տեղի ունեցան Հունգարիայի դեսպանությունների ու հյուպատոսությունների առջև: Սակայն սոսկ հատուկենտ քաղաքներում՝ Բուենոս Այրեսում, Օտտավայում, Լոս Անջելեսում և առավելագույնը ևս մեկ կամ երկու վայրում ցույցեր տեղի ունեցան Ադրբեջանի ներկայացուցչի դեմ: Լոս Անջելեսում ցույցն ընթացավ Հունգարիայի հյուպատոսության դեմ ցույցի հետ միաժամանակ: Թեև Հունգարիան ևս արդարացիորեն արժանի է քննադատության, աներկբայորեն Ադրբեջանն է պատասխանատու մարդասպանին տառացիորեն ազատելու հարցում: Բացի այդ, բողոքի ցույցերը զլացան հստակեցնելու, որ հունգար ժողովրդին չի, որին պետք է դատապարտել, այլ պաշտոնական Բուդապեշտին. մի զգացում, որ մեծապես լռության էր մատնված, եթե ոչ ամբողջովին անտեսված, երբ Երևանում այրում էին Հունգարիայի դրոշը:
Ամենակարևորն այն է, որ Ադրբեջանի դեմ հռետորաբանությունը պետք է բծախնդրորեն այնպես կառուցված լինի, որ չօտարի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդին: Ալիևի ներումն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, պետականության աճի ու զարգացման և ժողովրդավարական գաղափարների համար նույնքան վնասակար է, որքան վիրավորական է Հայաստանի ու Արցախի համար: Ամեն դեպքում, այնքանով, որքանով Սաֆարովի ընդունելությունը Հայաստանում ու Սփյուռքում հակաադրբեջանական զգացումներ է հրահրում, Ալիևին այդքանով հաջողվում է իր երկրում ամրապնդել հանրային օժանդակությունը և է՛լ ավելի բարդացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը: Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում տեղի է ունենալու, ապա պաշտոնական Երևանի ու հայ ժողովրդի մեկնաբանությունները պետք է ուղղված լինեն պաշտոնական Բաքվի, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ:
Երևանից ու Սփյուռքից եկող ուղերձը պետք է հստակ լինի. Սաֆարովի ներումը Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ու պետականության համար նույնքան վիրավորական է, որքան Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Ներումը ոչ միայն անտեսում է Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումը, այլև ավելի է բարդացնում երկրի վարկանիշը դրսում: Ավելին, Սաֆարովի մեծարմամբ Ադրբեջանը հաստատեց բազմաթիվ հայերի, Հայաստանի ու Արցախի մտահոգությունն այն մասին, որ հայերի կյանքը ո՛չ գնահատված և ո՛չ էլ պաշտպանված կլինի ադրբեջանական պետության կողմից: Ալիևի գործողությունները, հետևաբար, Ադրբեջանը դրել են ռազմավարական անբարենպաստ դրության մեջ՝ Հայաստանին տալով Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում կարգավորելու հնարավորությունը մերժելու այն պատրվակը, որի կարիքը նա ուներ: Երևանն ու հայկական Սփյուռքը, իրենց ցասումը Բուդապեշտի դեմ սևեռելու փոխարեն, պետք է բաց չթողնեն Արևմուտքի ու Բաքվի միջև առկա տարբերություններն ընդգծելու ռազմավարական հնարավորությունը, հատկապես երբ այդ տարբերություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովմանը:
Մի խոսքով, խնդիրն իր ձևակերպմամբ պետք է գերազանցի «մենք ընդդեմ նրանց» պարզունակ ըմբռնմանը: Այսինքն, Սաֆարովի հարցը չպետք է դիտվի իբրև հայերի ու ադրբեջանցիների միջև ատելության հավաստում և չպետք է ծառայի երկու ժողովուրդների միջև հետագա ապամարդկայնացման, թյուրըմբռնման ու ատելության խթանմանը: Մեր ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի ժողովրդին այն իրողությունը հասցնելուն, որ ժողովրդավար, առաջադեմ հասարակությունների փոխադարձ զարգացումը, ուր օրենքի իշխանությունը իշխանության բարձրագույն չափանիշն է, բխում է երկու պետությունների շահերից: Երկու երկրներն ու ժողովուրդները պետք է դուրս գան անհատական հակասությունների ու ապամարդկայնացման շրջանակից, ուր նրանց այնպե՜ս հեշտությամբ մանիպուլյացիայի են ենթարկում կառավարությունները, և փոխարենը պետք է փոխըմբռնման ու հավաքական շահերի եզրեր փնտրեն ու գտնեն:
Հայերեն թարգմանությունը տրամադրել է Հասմիկ Հարությունյանը
Անգլերեն թարգմանությունը Այս հոդվածի հասանելի է այստեղ